Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչին

03 դեկտեմբերի, 2015

Դեկտեմբերի 3-ին Բելգրադում ԵԱՀԿ մասնակից պետությունների արտգործնախարարների խորհրդի աշխատանքներին մասնակցող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին:

Էդվարդ Նալբանդյանը և Հերբերտ Զալբերը քննարկեցին ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման շուրջ ընթացող բանակցային գործընթացը, շեշտվեց խնդրի կարգավորման համար կողմերի միջև բարձր մակարդակի երկխոսության կարևորությունը:

Հերբերտ Զալբերը վերահաստատեց Եվրոպական միության աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը:

Քննարկվեցին Հայաստան - ԵՄ հարաբերությունները, կարևորվեց առաջիկա օրերին ՀՀ - ԵՄ հարաբերությունների նոր իրավական հիմքի շուրջ բանակցությունների մեկնարկը:

Տպել էջը