Հայաստանի արտգործնախարարը ելույթ ունեցավ ԵԱՀԿ նախարարների խորհրդի նստաշրջանում

03 դեկտեմբերի, 2015

Դեկտեմբերի 3-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Բելգրադում ելույթ ունեցավ ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 22-րդ նիստին։

Իր խոսքում նախարար Նալբանդյանն անդրադարձավ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին և դրա խորհրդին, հայ ժողովրդի հետ միջազգային հանրության համերաշխության դրսևորումներին։ Այդ համատեքստում Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ Հայաստանի նախաձեռնությունները և ՄԱԿ-ի կառույցների կողմից ընդունված բանաձևերը։

Էդվարդ Նալբանդյանը մանրամասն ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը, բանակցությունների խաթարմանն ուղղված Ադրբեջանի ապակառուցողական և հակամարտության գոտում իրավիճակի սրման նպատակով ձեռնարկվող քայլերին։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը խոսեց ԵԱՀԿ օրակարգային հարցերի վերաբերյալ, ահաբեկչության դեմ պայքարում միջազգային հանրության ջանքերի մասին։

Տպել էջը