Կորեայի Հանրապետության նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին

14 դեկտեմբերի, 2015

Դեկտեմբերի 14-ին Հայաստանում Կորեայի Հանրապետության նորանշանակ դեսպան Պակ Նո Փյոկը (նստավայրը` Մոսկվա) իր հավատարմագրերի պատճենը հանձնեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին։

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը հաջողություն մաղթեց դեսպանին իր առաքելության մեջ՝ հույս հայտնելով, որ դեսպանն իր կարևոր ներդրումը կունենա երկկողմ հարաբերությունների զարգացման և երկկողմ համագործակցության ընդլայնման գործում։

Կորեայի դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար, հավաստիացրեց, որ պաշտոնավարման ընթացքում կանի առավելագույնը հայ-կորեական համագործակցության ամրապնդման և խորացման համար։

Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեց Կորեայի հետ դինամիկ զարգացող գործընկերությունը՝ երախտագիտություն հայտնելով անկախությունից ի վեր Հայաստանի զարգացմանը Կորեայի կողմից ցուցաբերած տեխնիկական աջակցության համար։

Նախարար Նալբանդյանը և դեսպան Պակ Նո Փյոկը անդրադարձան քաղաքական, տնտեսական, կրթական և մշակութային համագործակցության, ինչպես նաև իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն առնչվող հարցերի լայն շրջանակի։ Երկուստեք կարևորվեց բարձրաստիճան այցելությունների կազմակերպումը, արտգործնախարարությունների միջև խորհրդակցությունների անցկացումը։

Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվեց Կորեա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ակտիվ գործունեությունն՝ ուղղված երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդմանը։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն հայտնեց Կորեայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպած միջոցառման համար։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին մի շարք միջազգային և տարածաշրջանային խնդիրների և դրանց լուծման ուղիների շուրջ։ Դեսպան Պակ Նո Փյոկը ներկայացրեց կորեական թերակղզում խաղաղության և կայունության ամրապնդման ուղղությամբ գործադրվող ջանքերը։

Էդվարդ Նալբանդյանը հյուրին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը։ 

Տպել էջը