Նախարարի տեղակալ Հովակիմյանի հանդիպումը Աղետների ռիսկի նվազեցման ՄԱԿ-ի գրասենյակի ղեկավարի հետ

15 դեկտեմբերի, 2015

Դեկտեմբերի 15-ին ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն ընդունեց Աղետների ռիսկի նվազեցման հարցերով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ, Աղետների ռիսկի նվազեցման ՄԱԿ-ի գրասենյակի ղեկավար Մարգարետա Վալշտրոմին, ով Հայաստան է ժամանել՝ մասնակցելու դեկտեմբերի 15-ից 16-ը Երևանում անցկացվող «Հանրային իրազեկումը որպես աղետների ռիսկի նվազեցման և կայուն զարգացման անկյունաքար» խորագրով միջազգային համաժողովին:

Հանդիպմանը մասնակցում էին նաև Գրասենյակի տարածաշրջանային գրասենյակի համակարգող Մադհավի Արիաբանդուն, ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի համակարգման տարածաշրջանային գրասենյակի աղետների արձագանքման հարցերով ազգային խորհրդատու Աշոտ Սարգսյանը, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին աղետների ռիսկի նվազեցման գործընթացներում ՀՀ աճող ներգրավվածությանը, նախաձեռնող մոտեցմանն ու ձեռնարկվող համակողմանի քայլերին առնչվող հարցեր: Անդրադարձ կատարվեց աղետների ռիսկի նվազեցման 2015-2030թթ. Սենդայի շրջանակային ծրագրի առաջնահերթությունների կենսագործման ուղղությամբ, ներառյալ հանրային իրազեկվածության բարձրացումն ու ճգնաժամային հաղորդակցության կազմակերպումը, ձեռնարկվելիք միջոցառումներին:

Այս կապակցությամբ տիկին Վալշտրոմն ընդգծեց կրթության, աղետների ռիսկի ընկալման և կառավարման կարևորությունը՝ հավելելով, որ այս հարցում Հայաստանի պատասխանատու գերատեսչությունների փոխգործակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների ու համայնքային բնակչության հետ առաջատար փորձի լավ օրինակ է ծառայում ինչպես տարածաշրջանի մյուս երկրների, այնպես էլ միջազգային այլ դերակատարների համար:

Աշոտ Հովակիմյանը բարձր գնահատեց Գրասենյակի հետ Հայաստանի շարունակական և արդյունավետ զարգացող համագործակցությունը, որի նպատակն է ձևավորել աղետակայուն երկիր և ապահովել հասարակության անվտանգ ու կայուն զարգացումը:  

Տպել էջը