Փոխնախարար Հովակիմյանի հանդիպումը ԵԽ թրաֆիքինգի դեմ պայքարի փորձագետների հետ

18 դեկտեմբերի, 2015

Դեկտեմբերի 18-ին ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն ընդունեց գնահատման 2-րդ փուլի շրջանակներում դեկտեմբերի 14-ից 18-ը Հայաստանում գտնվող Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի ԵԽ (ԳՐԵՏԱ) փորձագետներ` Լեոնոր Լադրոն դե Գևարա ի Գերերոին (Իսպանիա), Հելմուտ Սաքսին (Ավստրիա) և Դավիդ Դոլիձեին (Վրաստան):

Հանդիպման ընթացքում փորձագետները իրենց գոհունակությունը հայտնեցին մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարում Հայաստանի ձեռքբերումների առնչությամբ, ինչպես նաև հակիրճ ներկայացրեցին այցի արդյունքում բացահայտված խնդիրներն ու մարտահրավերները:

Ողջունելով հյուրերին` արտգործնախարարի տեղակալը նշեց, որ Հայաստանի իշխանությունները խիստ կարևորում են թրաֆիքինգի դեմ պայքարը և այդ հանցագործությունից տուժած զոհերի իրավունքների լիակատար պաշտպանությունն ու նրանց առանց նախապայմանների հնարավորինս լայն և համընդգրկուն օժանդակության տրամադրումը: Նա անդրադարձավ այս ուղղությամբ երկրում կատարվող աշխատանքներին` կարևորելով միջազգային պարտավորությունների շրջանակներում իրականացվող գործողությունները:

ԳՐԵՏԱ-ի փորձագետները, բարձր գնահատելով Հայաստանում թրաֆիքինգի դեմ տարվող աշխատանքը, խորհրդի ու աշխատանքային խմբի շարունակական աշխատանքը, իրենց երախտագիտությունը հայտնեցին այցը ու հանդիպումները բարձր մակարդակով կազմակերպման համար։ Նրանք տեղեկացրեցին, որ Հայաստանի վերաբերյալ երկրորդ զեկույցը կհրապարակվի 2016թ.-ին վերջերին: Այնուհետև զեկույցը կհաստատվի և Հայաստանին կտրվեն համապատասխան հանձնարարական-առաջարկներ` ոլորտի բարելավման ուղղությամբ:

Տպել էջը