Բանգլադեշի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց ԱԳ նախարարի տեղակալին

21 հունվարի, 2016

Հունվարի 21-ին Հայաստանում Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ դեսպան Ջասիմ Ուդինը (նստավայրը` Աթենք) հավատարմագրերի պատճենը հանձնեց ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանին։

Ողջունելով հյուրին՝ փոխնախարար Մանասարյանը բարձր գնահատեց Հայաստանում առաջին դեսպան նշանակելու Բանգլադեշի իշխանությունների որոշումը: Փոխնախարարը հաջողություն մաղթեց դեսպանին իր առաքելության իրականացման ընթացքում՝ հույս հայտնելով, որ դեսպանն իր կարևոր ներդրումը կունենա երկկողմ համագործակցության ձևավորման և ընդլայնման գործում։

Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար, հավաստիացրեց, որ պաշտոնավարման ընթացքում առավելագույն ջանքերը կգործադրի Հայաստանի և Բանգլադեշի միջև հարաբերությունների զարգացման համար։

Հանդիպման ընթացքում փոխնախարար Մանասարյանը և դեսպան Ուդինը անդրադարձան քաղաքական, տնտեսական, կրթական և մշակութային փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակի: Այդ համատեքստում երկուստեք կարևորվեց փոխայցելությունների կազմակերպումը, արտգործնախարարությունների միջև խորհրդակցությունների անցկացումը, ինչպես նաև փոխգործակցությունը միջազգային կառույցների շրջանակներում։

Տպել էջը