Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Բրազիլիայի արտգործնախարար Մաուրո Վիեյրային

13 փետրվարի, 2016

Փետրվարի 13-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Մյունխենում հանդիպեց Բրազիլիայի արտգործնախարար Մաուրո Վիեյրային:

Զրուցակիցները կարևորեցին քաղաքական բարձր մակարդակով երկխոսության ակտիվացումը, արտաքին գործերի նախարարությունների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացումը, գործարար կապերի խթանումը:

Հանդիպմանն անդրադարձ արվեց առևտրատնտեսական, մշակութային ոլորտներում համագործակցության սերտացմանը: Նախարարները գոհունակությամբ համոզմունք հայտնեցին, որ երկու պետությունների միջև ուժի մեջ մտած մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացումը կնպաստի հասարակությունների մերձեցմանը, տուրիզմի խթանմանը: Այս առումով երկուստեք կարևորվեց բրազիլահայ համայնքի դերակատարությունը։

Հայաստանի և Բրազիլիայի արտգործնախարարները քննարկեցին միջխորհրդարանական կապերի, միջազգային կազմակերպություններում փոխգործակցության սերտացմանն առնչվող հարցեր:

Էդվարդ Նալբանդանը շնորհակալություն հայտնեց անցյալ տարի Բրազիլիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման համար։

Էդվարդ Նալբանդյանը Բրազիլիայի իր գործընկերոջը հրավիրեց այցելել Հայաստան։ 

Տպել էջը