Դեսպան Եգանյանի հանդիպումը Կանադայի արտաքին գործերի նախարարի հետ

15 փետրվարի, 2016

Փետրվարի 15-ին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հանդիպում ունեցավ Կանադայի արտաքին գործերի նախարար Ստեֆան Դիոնի հետ:

Կողմերը գոհունակությամբ արձանագրեցին քաղաքական երկխոսության ակտիվացման փաստը, որի ապացույցն է փոխայցելությունների քանակի աճը երկու երկրների միջև: Դեսպան Եգանյանը նշեց, որ 2015թ. ընթացքում Կանադա այցելել են էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը և Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ինչպես նաև կայացել է Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի պաշտոնական այցը: Միաժամանակ դեսպանը ողջունեց նախորդ տարվա ընթացքում տեղի ունեցած կանադական երկու պատվիրակությունների այցը Հայաստան` նախարարներ Քրիս Ալեքսանդրի և Քրիստիան Պարադիի ղեկավարությամբ: Նշվեց վերջին տարիների ընթացքում երկկողմ առևտրատնտեսական կապերում արձանագրված առաջընթացը, ինչի վկայությունն է 2015թ. կանադական առաջին առևտրատնտեսական առաքելության այցը Հայաստան: Դեսպանն ընդգծեց, որ կանադական ընկերությունները շարունակում են հետաքրքրություն ցուցաբերել Հայաստանի արդյունաբերության տարբեր բնագավառների նկատմամբ, մասնավորապես, հանքարդյունաբերական ոլորտում:

Նախարար Դիոնի խնդրանքով դեսպան Եգանյանն ամփոփեց 2015թ. ընթացքում Հայաստանում և աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում` Կանադայում կայացած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները:

Հանդիպմանը քննարկվեցին 2015թ. հոկտեմբերին Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի 31-րդ նախարարական համաժողովի արդյունքները:

Կողմերը պայմանավորվեցին շարունակել աշխատանքները` ինչպես երկկողմ քաղաքական երկխոսությունն առավել զարգացնելու, այնպես էլ առևտրատնտեսական կապերն ամրապնդելու ուղղությամբ:

Զրուցակիցներն անդրադարձան տարածաշրջանային այլ արդի խնդիրների:

Տպել էջը