Բրյուսելում կայացավ ՀՀ֊ԵՄ բանակցությունների հերթական փուլը

17 փետրվարի, 2016

Փետրվարի 17֊ին Բրյուսելում կայացավ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև հարաբերությունների նոր իրավական հիմք ձևավորելու շուրջ բանակցությունների երկրորդ փուլը։ Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը։

Բանակցությունների առաջին մասը նվիրված էր քաղաքական երկխոսության, բարեփոխումների, արդարադատության և ազատությունների ոլորտներում համագործակցության հարցերին։

Այս, ինչպես նաև ավելի վաղ տեղի ունեցած ապագա համաձայնագրի առևտրի և ներդրումների հարցերին նվիրված բանակցությունների արդյունքներն ամփոփվեցին նույն օրվա վերջում կայացած լիագումար նիստում, որի ընթացքում երկուստեք արձանագրվեց գրանցված առաջընթացը և նախանշվեց ապագա քննարկումների շրջանակը ու ժամանակացույցը։

Կողմերը կարևորեցին համաձայնագրի նախագծի շուրջ տարբեր ուղղություններով բանակցային թիմերի միջև աշխատանքների համակարգումն ու ներդաշնակեցման անհրաժեշտությունը։

Տպել էջը