Դեսպան Եգանյանի հանդիպումը Կանադայի ներգաղթի, փախստականների և քաղաքացիության նախարարի հետ

22 փետրվարի, 2016

Փետրվարի 22-ին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հանդիպում ունեցավ Կանադայի ներգաղթի, փախստականների և քաղաքացիության նախարար Ջոն ՄկՔալըմի հետ:

Ընդգծելով Հայաստանում Կանադայի դեսպանություն հիմնելու անհրաժեշտությունը` դեսպանը տեղեկացրեց նախարարին, որ ամեն տարի Կանադայի մի քանի հազար քաղաքացիներ այցելում են Հայաստան, և նրանք զգում են դեսպանության հյուպատոսական ու ներգաղթային ծառայությունների կարիքը:

Կողմերն նաև անդրադարձան վերջերս Կանադա ժամանող փախստականներին վերաբերող մի շարք հարցերի: Նախարար ՄկՔալըմը նշեց, որ քաջատեղյակ է Կանադա ժամանող սիրիահայերին առնչվող խնդիրներին: Նա նշեց, որ Կանադայի կառավարությունը իրականացնում է բազմաթիվ օգնության ծրագրեր, որոնք, մասնավորապես, ուղղված են փախստականների սոցիալական կեցության բարելավմանը: Դեսպան Եգանյանը իր երախտագիտությունը հայտնեց Կանադայի կառավարության աջակցության համար:

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին երկու երկրների միջև առկա վիզային քաղաքականությանն առնչվող հարցերի վերաբերյալ:

Դեսպան Եգանյանն ամփոփեց 2015թ. ընթացքում Հայաստանում և աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում` Կանադայում կայացած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները:

Քննարկվեցին նաև 2015թ. հոկտեմբերին Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի 31-րդ նախարարական համաժողովի արդյունքները:
 

Տպել էջը