Հայաստանի արտգործնախարարի և ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի հանդիպումը

29 փետրվարի, 2016

Փետրվարի 29-ին աշխատանքային այցով Ժնևում գտնվող արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Զեիդ Ռաադ Ալ Հուսեյնին։

Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ հանձնակատար Ալ Հուսեյնը բարձր գնահատեց Հայաստանի նախաձեռնողական, հետևողական ջանքերը նոր ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ` ընդգծելով, որ այսօր միջազգային հանրությունն առավել վճռական է տրամադրված մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործում։ Այս առումով նախարար Նալբանդյանն շեշտեց. «որպես 20-դարի առաջին ցեղասպանությունը վերապրած ժողովուրդ՝ մենք պարտավորված ենք զգում քայլեր ձեռնարկել մարդկության դեմ նոր հանցագործությունները բացառելու գործում միջազգային հանրության ջանքերի միավորման ուղղությամբ»։

Հանդիպմանը քննարկվեցին Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի հետևանքով մարդու իրավունքներին, փոքրամասնություններին առնչվող խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ Այս առումով նշվեց, որ Հայաստանը ապաստան է տվել Սիրիայից ժամանած շուրջ 20 000 փախստականների։

Զրուզակիցներն անդրադարձան Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերին: Այս համատեքստում Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ այդ ուղղությամբ Հայաստանի և մարդու իրավունքներով զբաղվող միջազգային կազմակերպությունների միջև արդյունավետ համագործակցություն է հաստատվել։

Զրուցակցի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը։

Տպել էջը