Հանդիպում ԱԳՆ-ում Եվրոպայի քոլեջի ունկնդիրների հետ

10 մարտի, 2016

Մարտի 10-ին ՀՀ ԱԳՆ Մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության պետ Տիգրան Մկրտչյանն ընդունեց եվրոպական քաղաքագետների և միջազգայնագետների վերապատրաստման հեղինակավոր կրթօջախներից մեկի՝ Եվրոպայի քոլեջի (Բրյուգե, Նատոլին) 24 երկիր ներկայացնող շուրջ վեց տասնյակ ունկնդիրների:

Տիգրան Մկրտչյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները և հիմնական ուղղությունները, միջազգային, տարածաշրջանային խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները:

ՀՀ ԱԳՆ Մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության պետը անդրադարձավ մասնակցությանը միջազգային ինտեգրացիոն գործընթացներին՝ այդ համատեքստում ընդգծելով Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը, ինչպես նաև Հայաստան - Եվրամիություն համագործակցությունը։

Տիգրան Մկրտչյանը հանգամանալից ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացը, այդ ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրների ջանքերը:

Հանդիպման ընթացքում Տիգրան Մկրտչյանը պատասխանեց Եվրոպայի քոլեջի դասախոսական անձնակազմի և ուսանողների բազմաթիվ հարցերին:

Տպել էջը