ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության կողմից կազմակերպված միջոցառում-քննարկում

14 մարտի, 2016

Մարտի 14-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը Հայ Օգնության Միության (ՀՕՄ) հետ համագործակցությամբ ՄԱԿ-ի կենտրոնակայանում անցկացրեց կանանց առաջխաղացման հարցերին նվիրված միջոցառում-քննարկում` Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 60-րդ նստաշրջանի շրջանակներում:

“Uplifting Women from Poverty through Partnerships” խորագրով միջոցառումը նվիրված էր կայուն զարգացման նոր օրակարգի համատեքստում կանանց ներգրավվածության և առաջխաղացման հետ կապված հարցերին, մասնավորապես, գործարարության և ձեռներեցության զարգացման, ինչպես նաև գյուղատնտեսության, գյուղի կայուն զարգացման և արտադրողականության խթանման տեսակետից:

Միջոցառմանը, որին ներկա էին անդամ պետությունների, ՄԱԿ-ի տարբեր մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, քննարկվեց կանանց տնտեսական առաջխաղացման, ձեռներեցության և համայնքների կայուն զարգացման խթանմանն ուղղված ծրագրերի, նախագծերի և նախաձեռնությունների լայն շրջանակ: Մասնակիցներն անդրադարձան կանանց ֆինանսական կայունության, ձեռներեցության և ֆինանսական ներառականության հետ կապված խնդիրներին, մտքեր փոխանակեցին կարողությունների ամրապնդման, սոցիալական նորարարությունների և ձեռներեցության խթանմանն ուղղված գործիքների վերաբերյալ:

Քննարկմանը բացման խոսքերով ելույթ ունեցավ ՄԱԿ-ում ՀՀ դեսպան Զոհրաբ Մնացականյանը: Բանախոսների կազմում էին ՄԱԿ Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) ավագ խորհրդատու Մայքլ Հերմանը, “ONEArmenia” կազմակերպության հիմնադիր Պատրիկ Սարկիսյանը, “Harvest Song” արտադրության տնօրեն, ձեռներեց Սիլվիա Տիրակյանը, “Meline’s Garden” ընկերության հիմնադիր Թալին Կևոնյանը և “Empower Women” կազմակերպության ղեկավար Աննա Ֆալթը: Քննարկումը վարում էր Հայ Օգնության Միության (ՀՕՄ) կենտրոնական գործադիր խորհրդի անդամ Նաիրի Դերդերյանը:

Տպել էջը