Եգիպտոսում ՀՀ դեսպանի հարցազույցը եգիպտական «Դիպլոմասիա» ամսագրին

15 մարտի, 2016

Եգիպտական «Դիպլոմասիա» ամսագրի մարտի համարում լույս է տեսել Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանի հարցազրույցը` արաբերեն լեզվով։

Հայ-եգիպտական հարաբերությունների կապակցությամբ դեսպանը նշել է, որ դրանք հիմնված են երկու բարեկամ ժողովուրդների պատմական և ավանդական ամուր կապերի վրա։ Դեսպանն ընդգծել է, որ ներկայումս Հայաստանի և Եգիպտոսի միջև առկա է քաղաքական բարձր մակարդակի երկխոսություն և փոխըմբռնման մթնոլորտ: Փոխշահավետ համագործակցության զարգացման օրակարգի շրջանակներում կարևորել է առևտրատնտեսական, մշակույթի, զբոսաշրջության և այլ ոլորտներ։

Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի համատեքստում դեսպան Մելքոնյանը ներկայացրել է Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը։ Անդրադառնալով Ադրբեջանի ապակառուցողական կեցվածքին՝ դեսպանն ընդգծել է, որ Բաքուն շարունակաբար մերժում է խաղաղ կարգավորմանն ուղղված՝ համանախագահների բոլոր առաջարկությունները, պարբերաբար խախտում հրադադարի ռեժիմը, ներառյալ՝ ծանր տրամաչափի զինատեսակների կիրառմամբ։ «Ամենևին պատահական չէ, որ համանախագահները հասցեական կոչեր են հղել Բաքվին՝ հարգելու հիմնահարցի խաղաղ կարգավորման իր ստանձնած պարտավորությունները»,- ասել է ՀՀ դեսպանը։

Դեսպան Մելքոնյանը խոսել է նաև հայ-արաբական հարաբերությունների ներկա փուլի և զարգացման հեռանկարների, ինչպես նաև՝ արաբական երկրների հայ համայնքների մասին։ ՀՀ դեսպանը նշել է, որ Հայաստանը մշտապես խստորեն դատապարտել է Մերձավոր Արևելքում ահաբեկչական կազմակերպությունների կողմից իրականացվող հանցագործությունները և կոչ է արել միջազգային հանրությանը՝ միավորելու ջանքերն այդ չարիքի դեմ պայքարում։ Միջազգային տարբեր հարթակներում Հայաստանը բազմիցս իր մտահոգությունն է բարձրաձայնել այդ տարածաշրջանի ազգային և կրոնական փոքրամասնությունների, այդ թվում՝ Սիրիայի հայերի իրավունքների ոտնահարման, անվտանգության և հայկական մշակութային ժառանգության ոչնչացման կապակցությամբ։

Հարցազրույցում դեսպան Մելքոնյանը նաև անդրադարձ է կատարել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում ողջ աշխարհում կազմակերպված միջոցառումներին և դրանց խորհրդին՝ այդ համատեքստում քննադատելով Հայոց ցեղասպանության հարցում Անկարայի որդեգրած ժխտողականության քաղաքականությունը, որը, ըստ էության, ցեղասպանության շարունակություն է։

Տպել էջը