Ղազախստանի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Էդվարդ Նալբանդյանին

22 ապրիլի, 2016

Ապրիլի 21-ին Հայաստանում Ղազախստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Թիմուր Ուրազաևն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին:

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` ՀՀ ԱԳ նախարարը հույս հայտնեց, որ նա իր ներդրումը կունենա Հայաստանի և Ղազախստանի միջև հարաբերությունների առավել խորացման և ամրապնդման գործում: Էդվարդ Նալբանդյանը դեսպան Թիմուր Ուրազաևին հաջողություն մաղթեց իր առաքելությունում:

Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ Ղազախստանի դեսպանն իր հերթին շեշտեց, որ Ղազախստանը մեծ կարևորություն է տալիս Հայաստանի հետ հարաբերությունների սերտացմանը և համապարփակ փոխգործակցության զարգացմանը, և ընդգծեց, որ իր առաքելության ընթացքում ջանքեր կգործադրի այս ուղղությամբ:

Զրուցակիցները քննարկեցին երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, անդրադարձան ՀԱՊԿ և ԵԱՏՄ աշխատանքներին։  

Տպել էջը