Ավստրալիայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց նախարարի տեղակալ Հարությունյանին

23 մայիսի, 2016

Մայիսի 23-ին ՀՀ ԱԳ փոխնախարար Ռոբերտ Հարությունյանը ընդունեց Հայաստանում Ավստրալիայի նորանշանակ դեսպան Փիթեր Թեշին, (նստավայրը` Մոսկվա)` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Ողջունելով ավստրալիացի դիվանագետին` ԱԳ փոխնախարարը հաջողություն մաղթեց նրան բարձր առաքելության իրականացման գործում` հույս հայտնելով, որ դեսպանի պաշտոնավարման ընթացքում հայ-ավստրալական հարաբերություններն ամենատարբեր բնագավառներում նոր լիցք և որակ կստանան:

Իր հերթին դեսպան Թեշը նշեց, որ Ավստրալիան մշտապես շահագրգիռ է Հայաստանի հետ զարգացնելու ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական և մշակութային փոխգործակցությունը: Նա բարձր գնահատեց Ավստրալիայի հայ համայնքի ակտիվ դերակատարությունը երկկողմ հարաբերությունների սերտացման գործում:

Զրուցակիցները քննարկեցին երկկողմ համագործակցության մի շարք հարցեր` կարևորելով, մասնավորապես, արդյունավետ համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

Համոզմունք հայտնելով հայ-ավստրալական փոխշահավետ համագործակցության համար անհրաժեշտ ներուժի առկայության վերաբերյալ, դեսպանը հայտնեց իր երկրի պատրաստակամությունն ընդլայնելու երկկողմ տնտեսական ու գործարար կապերը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց տարածաշրջանային և միջազգային խնդիրներին:

Տպել էջը