Հայաստանի և Տաջիկստանի արտգործնախարարների հանդիպումը

02 հուլիսի, 2016

Հուլիսի 2-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց պաշտոնական այցով Երևան ժամանած Տաջիկստանի ԱԳ նախարար Սիրոջիդին Ասլովին:

Հանդիպումը մեկնարկեց առանձնազրույցի ձևաչափով, ապա շարունակվեց պատվիրակությունների մասնակցությամբ։

Ողջունելով հյուրին՝ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորեց Տաջիկստանի արտգործնախարարի առաջին պաշտոնական այցելությունը՝ նշելով, որ հայկական կողմն այս այցելությունը, ինչպես նաև վերջերս Տաջիկստանի առաջին դեսպանի հավատարմագրումը Հայաստանում դիտարկում է 2015թ. սեպտեմբերի 14-ին Դուշանբեում Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի և Տաջիկստանի Նախագահ Էմոմալի Ռահմոնի հանդիպման ընթացքում երկկողմ հարաբերություններին նոր լիցք հաղորդելու վերաբերյալ պայմանավորվածության համատեքստում:

Շնորհակակալություն հայտնելով Երևան այցելելու հրավերի և ջերմ ընդունելության համար՝ Տաջիկստանի արտգործնախարարն ընդգծեց, որ իր երկիրը բարձր է գնահատում Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները և ցանկանում է առավել զարգացնել համագործակցությունը։

Հանդիպման ընթացքում կողմերը հանգամանալից քննարկեցին Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի՝ Հայաստան կատարելիք պաշտոնական այցելության նախապատրաստական աշխատանքները, երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հայ-տաջիկական համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր:

Նախարարները մտքեր փոխանակեցին քաղաքական, տնտեսական, մշակութային, կրթական, գիտական ոլորտներում համագործակցության զարգացման ու փոխշահավետ ծրագրերի իրագործման հնարավորությունների շուրջ:

Էդվարդ Նալբանդյանը և Սիրոջիդին Ասլովը կարևորեցին արտգործնախարարությունների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացումը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության սերտացումը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը։

Բանակցություններին անդրադարձ կատարվեց 2004թ. ձևավորված հայ-տաջիկական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին, երկուստեք շեշտվեց դրա գործունեության ակտիվացման անհրաժեշտությունը։ Այդ առումով պայմանավորվածություն ձեռք բերվեց մոտ ապագայում գումարել հանձնաժողովի հերթական նիստը։

Զրուցակիցները շեշտեցին համագործակցության խորհրդարանական ձևաչափի կարևորությունը։ Գոհունակություն հայտնվեց ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում երկու երկրների օրենսդիր մարմինների ակտիվ համագործակցության վերաբերյալ։

Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին Հայաստանի և Տաջիկստանի միջև առևտրատնտեսական փոխգործակցության խթանման ուղիների շուրջ։ Այս համատեքստում որպես հեռանկարային նշվեցին թեթև արդյունաբերության, բարձր տեխնոլոգաների, ոսկեգործության, տուրիզմի բնագավառները։

Նախարարները անդրադարձան գիտակրթական և մշակութային ոլորտներում համագործակցության ընդլայնմանը։ Այս առումով տաջիկական կողմը հետաքրքրվածություն հայտնեց Մատենադարանի հետ կապերի հաստատման, երկու երկրների ԲՈՒՀ-երի միջև համագործակցության ծավալման առումով։

Հայաստանի և Տաջիկստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին ՄԱԿ, ԵԱՀԿ, ԱՊՀ շրջանակներում փոխգործակցության հարցեր։ Սիրոջիդին Ասլովը երախտագիտություն հայտնեց ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի ընտրություններում Տաջիկստանի թեկնածությունը սատարելու համար։

Զրուցակիցներն անդրադարձան ՀԱՊԿ օրակարգային հարցերին, ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունների իրականացմանը։

Էդվարդ Նալբանդյանը հյուրին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցությունների վերսկսման նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանն ուղղված՝ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը, Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման նպատակով ձեռնարկվող քայլերը։ Այս համատեքստում նախարար Ասլովը մտահոգություն հայտնեց ս.թ. ապրիլին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրման կապակցությամբ և վերահաստատեց իր երկրի սկզբունքային դիրքորոշումը՝ հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտության մասին։

Սիրոջիդին Ասլովը տեղեկացրեց Տաջիկստանի և Աֆղանստանի սահմանին տիրող իրավիճակի մասին, իր երկրի կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառության և ծայրահեղականության դեմ պայքարի վերաբերյալ։ Նա շնորհակալություն հայտնեց Հայաստանին՝ ՀԱՊԿ շրջանակներում վերոհիշյալ հարցերով Տաջիկստանին աջակցելու համար։

Հանդիպման ավարտին նախարարները ստորագրեցին Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության արտգործնախարարությունների միջև 2016-2018թթ. խորհրդատվությունների ծրագիրը, ապա հանդես եկան մամուլի համար հայտարարություններով:
 

Տպել էջը