Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Ղրղզստանի ԱԳ նախարարին
04 հուլիսի, 2016Հուլիսի 4-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Երևան ժամանած Ղրղզստանի արտգործնախարար Էրլան Աբդիլդաևին:
Նախարարները նշեցին, որ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում անցկացվող երկկողմ հանդիպումը լավ հնարավորություն է՝ անդրադառնալու նաև Հայաստանի և Ղրղզստանի համագործակցության տարբեր ոլորտներին:
Հայաստանի և Ղրղզստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները զրույց ունեցան քաղաքական երկխոսության ակտիվացման, միջխորհրդարանական կապերի զարգացման, առևտրատնտեսական փոխգործակցության խթանման հարցերի շուրջ։
Հայաստանի և Ղրղզստանի արտգործնախարարները պայմանավորվեցին իրենց ղեկավարած գերատեսչությունների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացման վերաբերյալ։
Հանդիպման օրակարգում էին միջազգային կառույցների շրջանակներում, ինտեգրացիոն գործընթացներում Հայաստանի և Ղրղզստանի փոխգործակցության հարցեր: Այս համատեքստում քննարկվեց սեպտեմբերին Բիշքեկում կայանալիք ԱՊՀ գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները։
Էդվարդ Նալբանդյանը և Էրլան Աբդիլդաևը անդրադարձան ՀԱՊԿ օրակարգային հարցերին, կազմակերպությունում հայաստանյան նախագահության առաջնահերթությունների իրագործմանը։