ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Գերմանա-հայկական ֆորումի անդամներին

29 օգոստոսի, 2016

Օգոստոսի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Երևանում ընդունեց Գերմանա-հայկական ֆորումի պատվիրակությանը` ֆորումի նախագահ, Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերի գլխավորությամբ:

Ողջունելով Գերմանա-հայկական ֆորումի անդամներին` Էդվարդ Նալբանդյանը կարևորեց կազմակերպության գործունեությունը` ուղղված հայ-գերմանական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդմանն ու ընդլայնմանը։

Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորված բարձր մակարդակի համագործակցության կապակցությամբ և քննարկեցին փոխհարաբերությունների խորացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:

Հանդիպմանը Ալբերտ Վայլերը ՀՀ ԱԳ նախարարին ներկայացրեց ֆորումի կողմից կատարվող աշխատանքները և առաջիկա ծրագրերը։

Նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը և արժևորեց Գերմանա-հայկական ֆորումի անդամների կարևոր ջանքերն այդ գործընթացում։

Հանդիպմանն անդրադարձ եղավ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին։ Այս առումով Էդվարդ Նալբանդյանն ներկայացրեց ԵՄ հետ նոր իրավական հիմքի շուրջ բանակցությունների ընթացքը։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գերմանացի խորհրդարանականներին ներկայացրեց Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերն` ուղղված ԼՂ հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը։

Տպել էջը