Հայաստանի արտգործնախարարը մասնակցեց Եվրոպական միության անդամ և Արևելյան գործընկերության մասնակից երկրների արտգործնախարարների հանդիպմանը

03 սեպտեմբերի, 2016

Սեպտեմբերի 3-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Բրատիսլավայում մասնակցեց Եվրոպական միության անդամ և Արևելյան գործընկերության մասնակից երկրների արտգործնախարարների հանդիպմանը, որին ներկա էին նաև ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, Հարևանության և ընլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը։

Ելույթ ունենալով նախարարական հանդիպմանը՝ նախարար Նալբանդյանը մասնավորապես նշեց. «Հաջողությամբ տեղի են ունեցել Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների 4 փուլ: Հաջորդ փուլը տեղի կունենա այս ամիս, և ակնկալում ենք մոտ ապագայում ավարտին հասցնել բանակցությունները։

Ռիգայի գագաթաժողովից հետո ընկած ժամանակահատվածում Հայաստանը միացել է Եվրոպական միության մի շարք ծրագրերի՝ «COSME» և «Հորիզոն 2020»: Մենք ակնկալում ենք այս տարվա ընթացքում դառնալ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի անդամ և սկսել Ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագրի վերաբերյալ բանակցությունները», - ասաց նախարար Նալբանդյանը:

Անդրադառնալով մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացմանը` Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց. «Մենք ողջունում ենք Սլովակիայի նախագահության և ԵՄ անդամ երկրների մտադրությունը` առանձնահատուկ ուշադրություն դարձնել մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման գործընթացին։ Մենք կարծում ենք, որ վաղուց եկել է ժամանակը Հայաստանի հետ սկսել վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությունը», - ասաց Էդվարդ Նալբանդյանը։

Խոսելով Հայաստանում բարեփոխումների մասին՝ նախարար Նալբանդյանը շեշտեց, որ «ժողովրդավարական հաստատությունների ու հիմնարար ազատությունների ամրապնդմանն ուղղված բարեփոխումների շարունակությունը Հայաստանի համար առանցքային առաջնահերթություններ են, և այս առումով մենք բարձր ենք գնահատում տարիներ շարունակ Եվրոպական միության կողմից ցուցաբերվող աջակցությունը»։

Տպել էջը