Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Կանադայի արտգործնախարար Ստեֆան Դիոնի հետ

19 սեպտեմբերի, 2016

Սեպտեմբերի 19-ին աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Կանադայի արտգործնախարար Ստեֆան Դիոնի հետ:

Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ ուրախ է հանդիպել Հայաստանի վաղեմի բարեկամ Ստեֆան Դիոնին՝ որպես Կանադայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար, և շարունակել երկկողմ հարաբերությունների համակողմանի զարգացման շուրջ երկխոսությունը։

Նախարար Դիոնը շնորհավորեց Հայաստանի անկախության 25-ամյակի կապակցությամբ և նշեց, որ շարունակելու է Հայաստանի հետ փոխգործակցության համակողմանի խորացման ուղղությամբ ջանքերը։

Զրուցակիցները քննարկեցին հայ-կանադական օրակարգին վերաբերող բազմաթիվ հարցեր, անդրադարձան միջխորհրդարանական կապերին, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացմանը։ Երկուստեք կարևորվեց կանադահայ համայնքի ակտիվ դերակատարությունը հարաբերությունների խորացման գործում։

Հայաստանի և Կանադայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին ՄԱԿ-ի, ԵԱՀԿ և Ֆրանկոֆոնիայի շրջանակներում փոխգործակցության հարցեր։

Էդվարդ Նալբանդյանը կանադացի գործընկերոջը ներկայացրեց այս տարվա ապրիլին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիայի հետևանքները, դրանց վերացմանն ուղղված՝ Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանն ուղղված ջանքերը: 

Տպել էջը