Դեսպան Մկրտչյանի հանդիպումը Լիտվայի արդյունաբերողների կոնֆեդերացիայի նախագահի հետ

06 հոկտեմբերի, 2016

Հոկտեմբերի 6-ին Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպեց Լիտվայի արդյունաբերողների կոնֆեդերացիայի նախագահ Ռոբերտաս Դարգիսի հետ։

Հանդիպմանը ՀՀ դեսպանը շնորհակալություն հայտնեց Լիտվայի արդյունաբերողների կոնֆեդերացիայի նախագահին 2014թ. Վիլնյուսում և 2015թ. Երևանում կազմակերպված հայ-լիտվական գործարար համաժողովներին ցուցաբերած աջակցության և ակտիվ մասնակցության համար։ Քննարկվեցին այդ համաժողովների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։ Գոհունակությամբ արձանագրվեց, որ առևտրաշրջանառությունը երկու երկրների միջև 2015թ. համեմատ կրկնապատկվել է։

Դեսպան Մկրտչյանը նշեց, որ Հայաստանը կարող է հավելյալ առևտրատնտեսական գրավչություն ներկայացնել՝ հաշվի առնելով, որ այն կարող է կապող օղակ հանդիսանալ ԵՄ երկրների և Իրանի, ինչպես նաև ԵՄ երկրների և Եվրոսիական տնտեսական միության միջև։ Այս համատեքստում պայմանավորվածություն ձեռք բերվեց 2017թ. նոր գործարար համաժողով հրավիրել։

ՀՀ դեսպանն ընդգծեց Լիտվայի կողմից իրականացվող ԵՄ Արևելյան հարևանության քաղաքականության շրջանակներում նախատեսվող տնտեսական ծրագրերում հայկական ընկերությունների ընդգրկման անհրաժեշտությունը:

Ռոբերտաս Դարգիսը և Տիգրան Մկրտչյանը նաև քննարկեցին Հայաստանում և Լիտվայում առաջընթաց ապրող բարձր տեխնոլոգիաների ոլորտում հնարավոր համագործակցության հեռանկարները։

Հանդիպմանը մասնակցեց նաև բալթյան երկրներում Զարգացման հայկական հիմնադրամի ներկայացուցիչ Ռենա Սարիբեկյանը։

Տեղեկանք: Լիտվայի արդյունաբերողների կոնֆեդերացիան Լիտվայի և բալթյան երկրների ընկերություններից է, որը ներկայացնում է խոշոր արդյունաբերողների և գործատուների շահերը։ Այն ներառում է արդյունաբերության բոլոր հիմնական ոլորտները՝ միավորելով Լիտվայի աշխատուժի մոտ մեկ երրորդը՝ ՀՆԱ-ի շուրջ 60%-ը։ Կոնֆեդերացիան համակարգող կազմակերպություն է, որը միավորում է 50 ճյուղային և 7 տարածաշրջանային ասոցիացիաներ․ այն ներառում է հասարակական և մասնավոր ոլորտների շուրջ 3000 միջին և մեծ ձեռնարկություններ։

Տպել էջը