Դեսպան Կիրակոսյանի հանդիպումն Ավստրիայի գիտությունների ակադեմիայի նախագահի հետ

17 հոկտեմբերի, 2016

Հոկտեմբերի 17-ին Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանն աշխատանքային հանդիպում ունեցավ Ավստրիայի գիտությունների ակադեմիայի նախագահ դոկտոր Անտոն Ցայլինգերի հետ:

Զրույցի ընթացքում դեսպան Կիրակոսյանը հակիրճ ներկայացրեց Հայաստանի Ազգային ակադեմիայի հիմնադրման պատմությունը, գործունեության 80-ամյա շրջանում գրանցած ձեռքբերումները, ինչպես նաև անկախությունից ի վեր ազգային և համաշխարհային գիտության մեջ ունեցած ներդրումը:

Իր հերթին Ավստրիայի ակադեմիայի նախագահը պատմեց իր ղեկավարած կառույցի հիմնադրման ու ավելի քան 200-ամյա պատմության մասին, անդրադարձավ ներկայումս կառույցի ուշադրության կենտրոնում գտնվող գիտական ուղղություններին և լայն աշխարհագրությամբ աչքի ընկնող բազմաոլորտ միջազգային համագործակցությանը:

Կողմերն անդրադարձան Հայաստանի և Ավստրիայի գիտությունների ակադեմիաների միջև համագործակցության ընդլայման անհրաժեշտությանը, գիտակրթական և փորձագիտական փոխանակման հեռանկարներին, ինչպես նաև ոլորտային ստորաբաժանումների միջև ուղիղ կապերի հաստատմանն ու փոխգործակցության ամրապնդմանը:

Վերջում դեսպան Կիրակոսյանը ՀՀ ԳԱԱ ղեկավարության անունից դոկտոր Ցայլինգերին առաջարկեց ճանաչողական այց կատարել Հայաստան՝ հայ գործընկերների հետ և ՀՀ ԳԱԱ գործունեությանը անձամբ ծանոթանալու, ինչպես նաև համագործակցության հետագա ընթացքը քննարկելու նպատակով:

Տպել էջը