ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Հարությունյանը մասնակցեց Մինսկում կայացած տնտեսական համաժողովին

27 հոկտեմբերի, 2016

Հոկտեմբերի 26-ից 27-ը Բելառուսի Հանրապետության կառավարության և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի համատեղ նախաձեռնությամբ Մինսկում կայացել է «Դնելով հիմք 2030թ.-ին ընդառաջ ՄԱԿ ԵՏՀ տարածաշրջանում տնտեսական ինտեգրման և կայուն զարգացման համար» խորագիրը կրող միջազգային համաժողովը, որի նպատակ էր կայուն տնտեսական զարգացման համար տնտեսական ինտեգրման և համագործակցության հեռանկարների քննարկումը: Համաժողովի թեմաներն ընդգրկում էին առևտրին, տրանսպորտին, էներգետիկային և կանաչ տնտեսությանը, ներդրումներին առնչվող ոլորտներ:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել Բելառուսի Հանրապետության վարչապետ Անդրեյ Կոբյակովը, ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյը և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղար Քրիստիան Ֆրիիս Բախը:

Համաժողովին հատուկ ելույթով հանդես է եկել ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը, ով, կարևորելով նմանօրինակ միջոցառման անցկացումը, համոզմունք է հայտնել, որ այն կնպաստի տարածաշրջանի երկրների տնտեսական համագործակցության զարգացման և ամրապնդման համար ուղիներ գտնելուն: Նա ներկայացրել է Հայաստանի մոտեցումները ինտեգրացիոն գործընթացների առնչությամբ` ընդգծելով երկրի դերակատարությունը՝ որպես դարպաս դեպի խոշոր շուկաներ:

Ելույթում ՀՀ ԱԳ փոխնախարարն անդրադարձել է Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարներին, ներդրումային գրավչությանը, Հայաստանի` Եվրասիական տնտեսական միության, Եվրամիության, ինչպես նաև հարևան երկրների, մասնավորապես, Իրանի և Վրաստանի հետ արդյունավետ տնտեսական համագործակցությանը:

Միջոցառմանը մասնակցել և ելույթներով հանդես են եկել նաև բարձրաստիճան պատվիրակություններ ՌԴ-ից, Ղազախստանից, ԱՊՀ քարտուղարությունից և Եվրասիական տնտեսական հանձնաժողովից:
 

Տպել էջը