Երևանում կայացան արտաքին քաղաքականության տեղեկատվական ապահովման վերաբերյալ հայ-բելառուսական խորհրդակցություններ

10 նոյեմբերի, 2016

Հայաստանի և Բելառուսի արտգործնախարարությունների միջև խորհրդակցությունների 2016-2017թթ. ծրագրի համաձայն` նոյեմբերի 10-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցան արտաքին քաղաքականության տեղեկատվական ապահովման վերաբերյալ խորհրդակցություններ, որոնցում հայկական պատվիրակությունը ղեկավարում էր  ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը, իսկ բելառուսականը՝ Բելառուսի ԱԳՆ տեղեկատվական վարչության պետ, մամլո խոսնակ Դմիտրի Միրոնչիկը:

Խորհրդակցություններին հանգամանալից քննարկում ծավալվեց երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև տեղեկատվական ոլորտում առկա համագործակցության շուրջ:

Կողմերն անդրադարձան տեղեկատվական ոլորտում ԱԳՆ-ների աշխատանքին առնչվող հարցերին, մտքեր փոխանակեցին տեղական, տարածաշրջանային և միջազգային ԶԼՄ-ների հետ տարվող աշխատանքների փորձառության վերաբերյալ:

Խորհրդակցությունների օրակարգում էին նաև ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմանն ու սոցիալական ցանցերում ԱԳՆ-ների գործունեությանն առնչվող հարցերը, այդ ոլորտում առկա խնդիրները և դրանց հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:

Երկու երկրների հասարակությունների փոխադարձ ճանաչողականության բարձրացման առումով առանձնահատուկ կարևորվեց տեղեկատվական գործակալությունների միջև փոխգործակցության հաստատումը:

Բելառուսի՝ ՀԱՊԿ-ում նախագահության առաջնահերթությունների տեղեկատվական ապահովման շուրջ քննարկումների համատեքստում հյուրերի խնդրանքով հայկական կողմը ներկայացրեց ՀՀ նախագահության ընթացքում իրականացված տեղեկատավական աշխատանքի առանձնահատկությունները:

Տպել էջը