Հեռուստակամուրջ ՀՀ ԱԳՆ-ում` հայ խաղաղապահների և նրանց ընտանիքների անդամների համար

15 նոյեմբերի, 2016

Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում Հայաստանում մեկնարկած «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումների ընթացքում նոյեմբերի 15-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ Կոսովոյում և Աֆղանստանում խաղաղության հաստատման գործողություններին մասնակցող հայ խաղաղապահների և նրանց ընտանիքների անդամների համար ավանդական դարձած հեռուստակամուրջը:

Իր ողջույնի խոսքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը կարևորեց հայ խաղաղապահների մասնակցությունն ու ներդրումը միջազգային խաղաղության և անվտանգության հաստատման գործում և շնորհակալություն հայտնեց հայ խաղաղապահներին ու նրանց ընտանիքների անդամներին նվիրումի համար:

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը ողջունեց և շնորհակալություն հայտնեց Կոսովոյում ու Աֆղանստանում խաղաղության հաստատման գործողություններին մասնակցող հայ խաղաղապահներին, ինչպես նաև կարևորեց նրանց դերակատարությունը միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման գործում: Գեներալ Հակոբյանը նշեց, որ այս առաքելություններին հայ խաղաղապահների մասնակցությունը նպաստում է Հայաստանի միջազգային հեղինակության բարձրացմանը, ինչպես նաև Հայաստանի անվտանգության ամրապնդմանը:

Իրենց ողջույններն ու բարեմաղթանքները հղեցին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլզը և Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը:

Հայ խաղաղապահներին իր ողջույնի խոսքը հղեց նաև ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանը:

Աֆղանստանից և Կոսովոյից ողջույնի և շնորհակալական խոսքեր հղեցին նաև հայ խաղաղապահները:
 

Տպել էջը