Հայաստանի և Մալիի արտգործնախարարների հանդիպումը
26 նոյեմբերի, 2016Նոյեմբերի 26-ին Մադագասկարի մայրաքաղաքում ընթացող Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Մալիի արտաքին գործերի, միջազգային համագործակցության և աֆրիկյան ինտեգրման նախարար Աբդուլաե Դիոպին:
Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիները՝ քաղաքական երկխոսության ակտիվացումը, իրավապայմանագրային դաշտի ձևավորումը, միջազգային կառույցների շրջանակներում համագործակցության սերտացումը, առևտրատնտեսական փոխգործակցության հնարավորությունները։
Հայաստանի և Մալիի արտգործնախարարներն անդրադարձան Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործունեությանը, կառույցի 16-րդ գագաթաժողովի օրակարգային հարցերին։ Այս համատեքստում Մալիի ԱԳ նախարարը, նշելով, որ Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը ֆրանկոֆոնիայում տեսանելի է կազմակերպության անդամների համար, ընդգծեց անցյալ տարի Երևանում կայացած ՖՄԿ նախարարական համաժողովի կազմակերպչական բարձր մակարդակը։
Նախարար Դիոպը ներկայացրեց Մալիում անվտանգության և կայունության ապահովմանն ուղղված ջանքերը՝ արժևորելով Հայաստանի մասնակցությունը ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությանը: