Երևանում բացվեց հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովը

01 դեկտեմբերի, 2016

Դեկտեմբերի 1-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովի բացման արարողությանը, որին ներկա էին և ելույթներով հանդես եկան ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն, Հայաստանի և Ֆրանսիայի մի քանի տասնյակ տեղական ինքնակառավարման մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչներ։

Իր բացման խոսքում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, մասնավորապես, ասաց.

«Ուրախ եմ ողջունել Ձեզ Երևանում հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովին, որը նաև երկրորդն է Երևանում:
Կրկնակի հաճելի է այս դահլիճում տեսնել բազմաթիվ բարեկամների, ովքեր Ֆրանսիայից ժամանել են հատուկ այս միջոցառմանը մասնակցելու նպատակով։

Մեծապես կարևորում եմ Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամական հարաբերությունների այս կարևոր բաղադրիչը` համագործակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով, ավանդական դարձած ապակենտրոնացված համագործակցության այս համաժողովը. ոչ այնքան այն պատճառով, որ եղել եմ ապակենտրոնացված համագործակցության հայ-ֆրանսիական առաջին համաժողովի ակունքներում, երբ 2006թ. Հայաստանից Ֆրանսիա մեկնեց տարբեր մարզերի և քաղաքների ներկայացուցիչներից բաղկացած ավելի քան հարյուր հոգանոց պատվիրակություն` Հայաստանի վարչապետի գլխավորությամբ, այլ նրա համար, որ տեղական ինքնակառավարման օղակները, որպես ժողովրդին ամենամոտ կանգնած իշխանության կրողներ, լավագույնս են նպաստում երկրների միջև բարեկամության խորացմանը:

Տիկնայք և պարոնայք,

Հայ-ֆրանսիական քաղաքական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, ինչը դրսևորվում է երկկողմ բարձրաստիճան քաղաքական երկխոսության ինտենսիվությամբ, Հայաստանի և Ֆրանսիայի Նախագահների պարբերական փոխայցերով, միջազգային հարթակներում կանոնավոր երկկողմ հանդիպումներով:

Հայ-ֆրանսիական փոխգործակցությունը տարբեր ուղղություններով վերջին տարիներին անշեղորեն զարգացել և ամրապնդվել է՝ նշանավորվելով միջխորհրդարանական կապերի առավել սերտացմամբ, տնտեսական համագործակցության ընդլայնմամբ, մշակութային և գիտակրթական կապերի շարունակական խորացմամբ: Զուգահեռ վերընթաց զարգացում է ապրել նաև մեր երկրների միջև դեռ հիսուն տարի առաջ սկիզբ առած և Հայաստանի անկախությունից ի վեր նոր թափ ստացած ապակենտրոնացված համագործակցությունը։

Այսօր Հայաստանի և Ֆրանսիայի քաղաքների ու շրջանների միջև յոթ տասնյակ հաշվվող փոխգործակցության համաձայնագրերի շրջանակներում ամեն տարի իրականացվում են բազմաթիվ համատեղ ծրագրեր զբոսաշրջության, գյուղատնտեսության, կրթության, մշակույթի, առողջապահության և այլ ոլորտներում: Դա նաև հանդիսանում է մի յուրօրինակ օժանդակություն մեր մարզերի և համայնքների համաչափ զարգացման առումով, ինչը բարձր է գնահատվում Հայաստանի կողմից:

Ես կցանկանայի կարևորել նաև այս համաժողովը Ֆրանկոֆոնիայի շրջանակներում ապակենտրոնացված համագործակցության համատեքստում։ Այդ ձևաչափը լավ հեռանկարներ ունի. դուք տեղյակ եք որ Անտանանարիվուում Ֆրանկոֆոնիայի անդամ երկրները որոշում ընդունեցին կազմակերպության հաջորդ գագաթաժողովը 2018թ. անցկացնել Հայաստանում։

Հարգելի բարեկամներ,

Ինձ մեծապես հաճելի է տեսնել, որ համաժողովից համաժողով` հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցությունն առավել ընդլայնվում է` արձանագրելով վերընթաց զարգացում:

Վստահ եմ, որ այս չորրորդ համաժողովը կգա բացելու նոր հեռանկարներ, ի հայտ բերելու ապակենտրոնացված համագործակցության նոր բովանդակային հորիզոններ:

Կրկին ողջունում եմ բոլորիդ և մաղթում արդյունավետ աշխատանք և հաջողություններ Ձեր նոր նախաձեռնություններում»:

ՏԵՂԵԿԱՆՔ. Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության առաջին համաժողովը տեղի է ունեցել 2006թ. Փարիզում, երկրորդը` 2010թ. Երևանում, իսկ երրորդը` 2013թ. Ֆրանսիայի Վալանս քաղաքում:

Տպել էջը