ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանն Ինդոնեզիայում մասնակցեց Բալիի ժողովրադավարական ֆորումին

08 դեկտեմբերի, 2016

Դեկտեմբերի 7-8-ը ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանն Ինդոնեզիայի Նուսա Դուա քաղաքում մասնակցեց «Կրոն, ժողովրդավարություն և բազմակարծություն» կարգախոսը կրող Բալիի ժողովրադավարական 9-րդ ֆորումին, որին մասնակցում են 94 երկրների և միջազգային կազմակերպությունների պատվիրակություններ:

Ֆորումի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Ինդոնեզիայի Նախագահ Ջոկո Վիդոդոն, ով իր ելույթում կարևորեց ժողովրդավարական արժեքների, միջկրոնական բազմակարծության և էթնիկ հանդուրժողականության դերը, միաժամանակ ընդգծելով, որ Ինդոնեզիան, բազմազգ և բազմակրոն երկիր լինելով հանդերձ, հաջողությամբ ապահովում է երկրում բնակվող տարբեր ազգերի ներդաշնակ համակեցությունը:

Ֆորումի ընթացքում ելույթով հանդես եկավ նաև ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանը, ով իր խոսքում նշեց, որ աշխարհը շարունակում է առերեսվել կրոնական հողի վրա ատելության, այլատյացության և անհանդուրժողականության երևույթների հետ, ինչը ներկայումս նոր թափով է դրսևորվում արդի տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները և սոցիալական ցանցերը չարաշահելու պայմաններում:

Նախարարի տեղակալ Պապիկյանն ընդգծեց նաև, որ քաղաքական գործիչները պետք է զերծ մնան այլատյացություն և ատելություն սերմանող հայտարարություններից, իսկ նման արատավոր երևույթների առկայության պարագայում դրանք պետք է խստագույնս դատապարտվեն:

Կարևորվեց նաև էթնիկ և կրոնական խմբերի միջև բաց երկխոսության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված կրթական ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը:

Անդրադառնալով ժողովուրդների ինտեգրմանը վերաբերող հարցերին՝ փոխնախարար Պապիկյանը նշեց, որ աշխարհասփյուռ հայությունը տարբեր երկրներում խաղաղ և ներդաշնակ կերպով ինտեգրված լինելով տեղի ժողովուրդների հետ՝ միաժամանակ չի դադարել կամրջի դեր հանդիսանալ Հայաստանի ու այդ երկրների միջև և կարող է խաղաղ համակեցության հաջողված օրինակ համարվել: 

Տպել էջը