Հայաստանի ԱԳ նախարարը Համբուրգում մասնակցեց ՀԱՊԿ արտգործնախարարների հանդիպմանը

08 դեկտեմբերի, 2016

Դեկտեմբերի 8-ին Համբուրգում` ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 23-րդ նստաշրջանի շրջանակներում, Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների արտգործնախարարների հանդիպմանը։

Նախարարները քննարկեցին Հավաքական անվտանգության խորհրդի 2016թ. հոկտեմբերին Երևանում կայացած նստաշրջանի որոշումների կատարման ընթացքը, ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին քաղաքականության համադրման հարցեր։

Հանդիպման մասնակիցները մտքեր փոխանակեցին ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի օրակարգային հարցերի շուրջ, անդրադարձան գլոբալ և տարածաշրջանային խնդիրներին, ահաբեկչության դեմ պայքարին, Մերձավոր Արևելքում, Սիրիայում տեղի ունեցող գործընթացներին։

ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին դեկտեմբերի երկրորդ կեսին Սանկտ-Պետերբուրգում կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նախապատրաստման հարցերը, մտքեր փոխանակեցին ՀԱՊԿ կանոնադրական մարմինների աշխատանքների վերաբերյալ։

Տպել էջը