Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի պատասխանատուների հետ
11 դեկտեմբերի, 2016Դեկտեմբերի 11-ին Փարիզում տեղի ունեցավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, եվրոպական միջազգային կառույցներում ՀՀ մշտական ներկայացուցիչների հանդիպումը Հայ դատի գրասենյակների պատասխանատուների հետ՝ Հայ դատի կենտրոնական խորհրդի ղեկավար Հակոբ Տեր-Խաչատուրյանի գլխավորությամբ։
Էդվարդ Նալբանդյանը Հայ դատի հանձնախմբերի ղեկավարներին ներկայացրեց Համբուրգում կայացած ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի արդյունքները, Մինսկի խմբի համանախագահ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների համատեղ հայտարարությունը, ապրիլին Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքների հաղթահարման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Հայ դատի գրասենյակների պատասխանատուներին տեղեկացրեց Անտանանարիվուում կայացած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի արդյունքները, Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների մասին։
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների իրավական նոր շրջանակային փաստաթղթի շուրջ բանակցությունների ընթացքի, մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության նախատեսվող մեկնարկի վերաբերյալ։
Հանդիպման մասնակիցները քննարկեցին համահայկական կարևորություն ունեցող մի շարք հարցեր։