Դեսպան Մկրտչյանի հանդիպումը Լիտվայի Սեյմասի խոսնակ Վիկտորաս Պրանցկետիսի հետ

27 դեկտեմբերի, 2016

Դեկտեմբերի 27-ին Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպեց Լիտվայի Սեյմասի խոսնակ Վիկտորաս Պրանցկետիսի հետ։

Սեյմասի խոսնակը բարձր գնահատեց երկկողմ քաղաքական երկխոսության մակարդակն ու տնտեսական համագործակցության ոլորտում արձանագրված առաջընթացը:

Զրուցակիցները նշեցին, որ վերջին տարիներին երկկողմ ապրանքաշրջանառությունը զգալիորեն աճել է, և այն զարգացնելու համար կան բավական մեծ նախադրյալներ։

Զրուցակիցները կարևորեցին միջխորհրդարանական բարեկամական խմբերի ձևաչափով համագործակցության զարգացումը։ Խոսնակն իր հերթին ընդգծեց, որ Սեյմասի ընտրություններից հետո վերաձևավորված Հայաստան-Լիտվա միջխորհրդարանական բարեկամական խումբը Լիտվայի խորհրդարանի երեք ամենամեծ խմբերից մեկն է, որն ունի 48 անդամ և Սեյմասի մեկ-երրորդն է կազմում։

Զրուցակիցներն անդրադարձան նաև ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ ընթացող բանակցություններին, վիզաների ազատականացման գործընթացի հեռանկարներին: Խոսնակը նշեց, որ Լիտվան աջակցում է ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցությանը։

Խոսելով Արցախյան հիմնախնդրի մասին՝ դեսպան Մկրտչյանն իր զրուցակցին ներկայացրեց պաշտոնական Բաքվի կողմից շարունակվող ապակառուցողական գործելաոճը, ամենաբարձր մակարդակով տարվող հակահայկական քարոզչությունը։

Լիտվայի Սեյմասի խոսնակը վերահաստատեց Լիտվայի դիրքորոշումը ԼՂ հակամարտության հարցում՝ աջակցություն հայտնելով հիմնահարցի խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին:
 

Տպել էջը