Դեսպան Սարգսյանի հանդիպումը Միացյալ Թագավորության ԱԳՆ Եվրոպայի ու Ամերիկայի հարցերով պետական նախարար Ալան Դանքանի հետ

17 հունվարի, 2017

Հունվարի 17–ին Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը հանդիպում ունեցավ Միացյալ Թագավորության Արտաքին գործերի նախարարության Եվրոպայի ու Ամերիկայի հարցերով պետական նախարար Ալան Դանքանի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ–բրիտանական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր: Անդրադարձ կատարվեց երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա հոբելյանին, արձանագրված առաջընթացին և հետագա անելիքներին:

Ընդգծվեց քաղաքական երկխոսության զարգացման ուղղությամբ համատեղ ձեռնարկվող քայլերի կարևորությունը։ Դեսպան Սարգսյանը նշեց ոլորտային փոխգործակցության խորացման և ընդլայնման հնարավորությունները և առաջիկա ծրագրերը, որոնք առնչվում են տեղեկատվական տեխնոլոգիաների, բանկային, ֆինանսական, ինչպես նաև մշակութային ոլորտներին։

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։

Տեղեկանք. Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թ. հունվարի 20-ին:
 

Տպել էջը