ԱԳ նախարարի տեղակալ Քոչարյանի հանդիպումն Աստանայում կայանալիք «Էքսպո-2017» միջազգային ցուցահանդեսի գլխավոր հանձնակատարի հետ

19 հունվարի, 2017

Հունվարի 19-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ընդունել է Ղազախստանի մայրաքաղաքում կայանալիք «Էքսպո-2017» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի գլխավոր հանձնակատար Ռափիլ Ժոշիբաևին, ով Երևան է ժամանել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար, ցուցահանդեսի ազգային հանձնակատար Սուրեն Կարայանի հետ վերոնշյալ ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության վերաբերյալ պայմանագիրը ստորագրելու նպատակով:

ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարի տեղակալի հետ կայացած հանդիպմանը քննարկվել են Աստանայում կայանալիք «Էքսպո-2017» ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր, մասնավորապես` ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության պայմանները, ինչպես նաև միջոցառման շրջանակներում նախատեսվող Ազգային օրվա կազմակերպմանը վերաբերող մանրամասներ:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև հայ-ղազախական երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող գործընթացներին:
 

Տպել էջը