Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակ

20 հունվարի, 2017

Հունվարի 20-ին Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ ուղերձներ փոխանակվեցին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և Միացյալ Թագավորության արտաքին գործերի և համագործակցության պետական քարտուղար Բորիս Ջոնսոնի միջև:

Էդվարդ Նալբանդյանն իր ուղերձում ընդգծել է, որ տարիների ընթացքում ՀՀ և ՄԹ միջև փոխգործակցությունը զգալի զարգացում է ապրել, ինչն արտահայտվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ, ակտիվ միջխորհրդարանական կապերով, տնտեսության և առևտրի ոլորտներում համագործակցության դրական դինամիկայով, մշակութային և կրթական փոխանակումների ընդլայնմամբ, ինչպես նաև՝ միջազգային հարթակում արդյունավետ համագործակցությամբ:

Բորիս Ջոնսոնն իր ուղերձում նշել է, որ Միացյալ Թագավորությունն արժևորում է երկու երկրների միջև քառորդդարյա փոխհարաբերությունները, որի ընթացքում իր գործուն աջակցություն է ցուցաբերել Հայաստանի՝ որպես ժողովրդավարական, բարգավաճ ու կայուն երկրի ամրապնդմանը: Նա ողջունել է Հայաստանում ժողովրդավարական և կառավարման ոլորտի բարեփոխումները և նշել, որ իր երկիրը սատարում է այդ գործընթացը: Նա ընդգծել է, որ Միացյալ Թագավորությունը շարունակում է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը։

ՀՀ և ՄԹ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հույս են հայտնել, որ համատեղ ջանքերով երկու երկրների միջև համագործակցությունը կշարունակի առավել ընդլայնվել և խորանալ:

Տպել էջը