Հայաստանի ԱԳ նախարարն ընդունեց Կանադայի դեսպանին
01 փետրվարի, 2017Փետրվարի 1-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Կանադայի դեսպան Ջոն Քյորին, ով փոխանցեց Կանադայի ԱԳ նախարար Քրիստիա Ֆրիլանդի` իր հայ գործընկերոջն ուղղված ուղերձը` դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ։ Նախարար Նալբանդյանը, շնորհակալություն հայտնելով ուղերձի համար, իր հերթին դեսպանին հանձնեց Քրիստիա Ֆրիլանդին հասցեագրված ուղերձը։
Զրուցակիցները բարձր գնահատեցին 25 տարի առաջ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հայ-կանադական դինամիկ զարգացող գործընկերությունը, անդրադարձ կատարեցին համագործակցության նոր ոլորտներին և դրանց հեռանկարներին:
Հանդիպմանը քննարկվեցին քաղաքական երկխոսության, առևտրատնտեսական փոխգործակցության, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության ոլորտներում, մշակութային փոխանակումների ակտիվացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։
Հայաստանի ԱԳ նախարարը և Կանադայի դեսպանը գոհունակությամբ արձանագրեցին երկկողմ և բազմակողմ ձևաչափերով սերտ փոխգործակցությունը: Մտքեր փոխանակվեցին ՄԱԿ-ի, Ֆրանկոֆոնիայի և ԵԱՀԿ շրջանակներում արդյունավետ փոխգործակցության շուրջ։
Նախարար Նալբանդյանն ու դեսպան Քյորն անդրադարձան մարդկության դեմ հանցագործությունների և ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ համագործակցությանն առնչվող հարցերի։
Հանդիպմանն արծարծվեց մերձավորարևելյան զարգացումների հետևանքով միգրացիոն հոսքերի խնդիրը։
Նախարար Նալբանդյանը, բարձր գնահատելով հայ-կանադական հարաբերությունների զարգացման գործում դեսպան Քյորի անձնական ներդրումը, Կանադայի դեսպանին հանձնեց ԱԳՆ պատվո մեդալը: