Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակ

21 փետրվարի, 2017

Փետրվարի 21-ին արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Բյոնգ-սե Յունն ուղերձներ փոխանակեցին՝ Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ:

Նախարար Նալբանդյանն իր ուղերձում նշում է, որ Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության միջև նախորդ քառորդ դարի ընթացքում ձևավորվել է ամուր գործընկերություն և հաստատվել է փոխշահավետ համագործակցություն: Էդվարդ Նալբանդյանը հույս է հայտնում, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի բացահայտել երկու երկրների միջև համագործակցության ողջ ներուժը և առավել ընդլայնել բարեկամական հարաբերությունները:

Նախարար Յունն իր ուղերձում նշում է, որ Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության հարաբերությունները կայուն զարգացում են ապրել, մասնավորապես, առևտրի և ներդրումների ոլորտներում: Յուն Բյոնգ-սեն պատրաստակամություն է հայտնում շարունակելու սերտ համագործակցությունը Էդվարդ Նալբանդյանի հետ՝ առավել ընդլայնելու գործընկերությունը երկու երկրների միջև՝ ընդգրկելով նոր հեռանկարային ուղղություններ:

Տպել էջը