Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակ
24 փետրվարի, 2017Փետրվարի 24-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարար Ժան-Մարկ Էյրոն ուղերձներ փոխանակեցին՝ Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ:
Էդվարդ Նալբանդյանն իր ուղերձում նշում է, որ հետադարձ հայացքը մեր պատմության այս նոր էջին ներկայացնում է հաստատուն իրականություն. այս տարիների ընթացքում մեր պետությունների միջև բազմաբովանդակ հարաբերությունները շարունակում են զարգանալ, մեր ժողովուրդների միջև սերտ կապերը շարունակում են ամրապնդվել՝ տարեց տարի զարգացնելով մեր համագործակցությունն ավելի ու ավելի նշանակալի իրադարձություններով: Դրա խորհրդանշական դրսևորումն էր 2006-2007թթ. Ֆրանսիայում Հայաստանի տարին: Էդվարդ Նալբանդյանը շեշտում է, որ Անկախության ճանապարհին Հայաստանը մշտապես իր կողքին զգացել է Ֆրանսիայի բարեկամական ներկայությունը, և ամուր գործընկերություն է հաստատվել ամենատարբեր ոլորտներում: Նախարար Նալբանդյանն ընդգծում է, որ Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետության շարունակական ջանքերը՝ ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ հանգուցալուծման գործում:
Ժան-Մարկ Էյրոն իր ուղերձում նշում է, որ մեր երկու պետությունները, տոգորված դարեր ի վեր ֆրանսիացի և հայ ժողովուրդներին միավորող վստահության և բարեկամության կապով, կերտել են հաստատուն գործակցություն: Ֆրանսիայի ԱԳ և միջազգային զարգացման նախարարն անդրադառնում է նաև Հայաստանում ֆրանսիական համալսարանին՝ համարելով այն երկկողմ փոխգործակցության հաջողված օրինակ: Նա հույս է հայտնում, որ ապակենտրոնացված համագործակցությունը, որ թույլ է տալիս մեր ժողովուրդներին լավագույնս ճանաչել միմյանց և միասին աշխատել, առավել կաշխուժանա, ինչպես դա ցույց տվեց Երևանում կայացած վերջին համաժողովը: Նախարար Էյրոն շեշտում է, որ գալիք տարիների ընթացքում Ֆրանսիան կշարունակի մեր գործընկերությունն ամրապնդելու և այն արգասաբեր դարձնելու իր հանձնառությունը: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ կշարունակի նաև ղարաբաղյան հիմնահարցի իր միջնորդական ջանքերն՝ ուղղված բանակցված և տևական լուծում գտնելուն: