Հայաստանում մեկնարկեց 2017 թվականի Ֆրանկոֆոնիայի երկամսյակը
09 մարտի, 2017Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը՝ մարտի 20-ը տոնելու կապակցությամբ Հայաստանում հերթական անգամ մեկնարկեց Ֆրանկոֆոնիայի երկամսյակը:
Այս տարվա երկամսյակի շրջանակներում Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում մարտ և ապրիլ ամիսների ընթացքում կանցկացվեն 600-ից ավելի ֆրանկոֆոն մշակութային, համալսարանական և հանրակրթական միջոցառումներ:
Արտաքին գործերի նախարարության կողմից համակարգվող ֆրանկոֆոն այս մեծ իրադարձության կազմակերպմանն իրենց գործուն մասնակցությունն են բերել ՀՀ Ազգային ժողովը, մշակույթի, կրթության և գիտության նախարարությունները, Երևանի քաղաքապետարանը, Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինները, Հայաստանի համայնքների միությունը և քաղաքացիական հասարակությունը:
Հարկ է նշել, որ Հայաստանում հավատարմագրված ֆրանկոֆոն երկրների, մասնավորապես՝ Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Կանադայի և Լիտվայի դիվանագիտական ներկայացուցչություններն այս առիթով կազմակերպել են մի շարք միջոցառումներ՝ այսպիսով իրենց մասնակցությունն ունենալով երկամսյակի հագեցած ծրագրի կյանքի կոչման գործում:
Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակներում կայանալիք միջոցառումների ամբողջական ծրագիրը հասանելի է այստեղ: