Հայաստանի և Հունաստանի արտգործնախարարների հանդիպումը

10 մարտի, 2017

Մարտի 10-ին կայացավ Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Կոձիասի հանդիպումը:

Բանակցությունները մեկնարկեցին առանձնազրույցի ձևաչափով, ապա շարունակվեցին պատվիրակությունների մասնակցությամբ։

Ողջունելով հույն գործընկերոջը՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ պարբերական փոխայցելություններն ու շփումներն ավելի են ամրապնդում երկու երկրների և ժողովուրդների միջև փոխգործակցությունը և հնարավորություն ընձեռում պայմանավորվածություններ ձեռք բերելու հարաբերությունների հետագա ամրապնդման շուրջ:

Հանդիպման ընթացքում նախարարներ Նալբանդյանն ու Կոձիասը քննարկեցին երկկողմ և բազմակողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ:

Հայաստանի և Հունաստանի արտգործնախարարները համակարծիք էին, որ երկու պետությունների միջև փոխգործակցության ներկա մակարդակը զիջում է մեր ժողովուրդների միջև առկա ջերմ բարեկամական կապերին, դարերի խորքից եկող փոխադարձ խոր համակրանքին:

Էդվարդ Նալբանդյանն ու Նիկոս Կոձիասն անդրադարձ կատարեցին քաղաքական, առևտրատնտեսական, ռազմատեխնիկական, կրթության, գիտության, մշակույթի և այլ ոլորտներում փոխգործակցության ընդլայնմանը:

Հանդիպմանը քննարկվեցին Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունները, ՀՀ Նախագահի՝ Բրյուսել կատարած այցելության արդյունքները։

Բանակցությունների օրակարգում էին տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրները և դրանց լուծման ուղիները: Քննարկվեցին ահաբեկչության դեմ միջազգային պայքարը, միգրացիոն հոսքերի հետ կապված հարցեր։

Անդրադարձ արվեց կիպրական խնդրի հանգուցալուծման ջանքերին: Նախարար Կոձիասը ներկայացրեց այդ գործընթացի վերջին զարգացումները:

Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան կարգավորման գործընթացի շուրջ ստեղծված իրավիճակը, Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների համատեղ ջանքերն՝ ուղղված հիմնախնդրի հանգուցալուծման առաջ մղմանը:

Երկուստեք շեշտվեց, որ առկա խնդիրները չունեն ռազմական լուծում և պետք է կարգավորվեն համաձայնեցված ձևաչափերի շրջանակներում:

Հանդիպման ավարտին նախարարները ստորագրեցին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև դիվանագիտական կադրերի ուսուցման և վերապատրաստման ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիրը։

Այնուհետև Էդվարդ Նալբանդյանն ու Նիկոս Կոձիասը հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով։

Երկու նախարարներն այցելեցին Երևանի պետական համալսարան, որտեղ Հունաստանի արտգործնախարարը հանդես եկավ դասախոսությամբ:

Տպել էջը