ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի հանդիպումները հանրապետական կոնգրեսականների հետ

22 մարտի, 2017

Մարտի 22-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը Կոնգրեսում հանդիպումներ ունեցավ հանրապետական կոնգրեսականներ, Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Դևիդ Վալադաոյի և Դևիդ Թրոթի, ինչպես նաև հանձնախմբի անդամ Դուգլաս Լամբըրնի հետ:

Դեսպանը շնորհակալություն հայտնեց կոնգրեսականներին` Հայաստանին վերաբերող հարցերը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու ու հայկական շահերը Կոնգրեսում պաշտպանելու համար: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգային հարցերի վերաբերյալ, քննարկեցին տարածաշրջանային մի շարք խնդիրներ, այդ թվում, Մերձավոր Արևելքում քրիստոնյա փոքրամասնությունների պաշտպանության և Հայաստանի կողմից բազմաթիվ փախստականներ ընդունելու հարցերը:

Դեսպանը և ԱՄՆ կոնգրեսականներն անդրադարձան նաև Հայոց ցեղասպանության, ինչպես նաև այլ ցեղասպանությունների ճանաչման և դատապարտման գործընթացին:

Կոնգրեսականները հավաստիացրեցին, որ հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանն ուղղված իրենց ջանքերը շարունակական կլինեն: 

Տպել էջը