ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանն ի պահ հանձնեց Փարիզի համաձայնագրի ՀՀ վավերագիրը

23 մարտի, 2017

Մարտի 23-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանն ի պահ հանձնեց Փարիզի համաձայնագրի ՀՀ վավերագիրը:

ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբելային ուղղված իր ելույթում դեսպան Մնացականյանը շեշտեց, որ Փարիզի համաձայնագրի վավերացմամբ Հայաստանը վերահաստատում է իր երկարաժամկետ հանձնառությունը կլիմայի փոփոխության բացասական հետևանքների կանխարգելմանն ուղղված միջազգային ջանքերին՝ ՀՀ Կառավարության կողմից ընդունված «Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունների» փաստաթղթի դրույթների համապատասխան: «Հայաստանի տեղադիրքը՝ որպես դեպի ծով ելք չունեցող, խոցելի էկոհամակարգերով լեռնային երկիր, պահանջում է, որպեսզի իրականացնենք կլիմայի փոփոխությանը հարմարվելու և կլիմայի փոփոխության բացասական հետևանքները մեղմելու գործողություններ՝ էկոհամակարգային մոտեցման սկզբունքների հիման վրա, և հատուկ ուշադրություն դարձնենք տնտեսության և հանրային կյանքի այն ոլորտներին, որոնք առավել խոցելի են կլիմայի փոփոխության պայմաններում», - նշվեց ՀՀ դեսպանի կողմից կլիմայի փոփոխության և կայուն զարգացման թեմայով ՄԱԿ-ում կայացած բարձրաստիճան հանդիպման ժամանակ, որն ամփոփվեց Գլխավոր Ասամբլեայի Նախագահի շնորհավորական խոսքով՝ Փարիզի համաձայնագիրը Հայաստանի կողմից վավերացնելու կապակցությամբ:

Տեղեկանք․ 2015թ. դեկտեմբերի 12-ին ՄԱԿ-ի՝ «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի կողմ պետությունների 21-րդ համաժողովին ընդունված Փարիզի համաձայնագիրը Հայաստանի համար ուժի մեջ կմտնի ս.թ. ապրիլի 22-ին: 

Տպել էջը