Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարների հանդիպումը
11 ապրիլի, 2017Ապրիլի 11-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեին:
Հանդիպումը մեկնարկեց դեմ առ դեմ ձևաչափով, ապա շարունակվեց պատվիրակությունների մասնակցությամբ։
Ողջունելով հյուրին` Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ վրացի իր գործընկերոջ հետ մշտական ինտենսիվ երկխոսությունը հնարավորություն է ընձեռում քննարկելու երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ, առաջ մղելու համագործակցության ամրապնդմանն ու խորացմանն ուղղված ջանքերը:
Շնորհակալություն հայտնելով հրավերի և ջերմ ընդունելության համար` Միխեիլ Ջանելիձեն նշեց, որ Վրաստանը կարևորում է Հայաստանի հետ բազմաբովանդակ համագործակցության զարգացումը՝ ընդգծելով իր երկրի պատրաստակամությունը՝ հավելյալ ջանքեր գործադրել փոխգործակցությունն առավել խորացնելու և ամրապնդելու համար: Վրաստանի արտգործնախարարը շնորհավորեց Հայաստանում խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ։
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին։ Երկուստեք շեշտվեց, որ վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները, տնտեսական համագործակցությունը շոշափելի զարգացում են ապրել և առաջ են ընթանում փոխշահավետ համագործակցության ոգով։
Արտգործնախարար Նալբանդյանը հյուրին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանն ուղղված ԵԱՀԿ Մինկի խմբի համանախագահների և Հայաստանի համատեղ ջանքերը՝ այդ համատեքստում կարևորելով Վրաստանի շարունակական աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը։
Քննարկվեցին առևտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման, զբոսաշրջության ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող բազմաթիվ հարցեր: Անդրադարձ կատարվեց երկու երկրների միջև առկա ընդգրկուն իրավապայմանագրային դաշտի կատարելագործմանը, որն այսօր ներառում է ութ տասնյակից ավելի փաստաթղթեր։
Զրույցի ընթացքում արծարծվեցին նաև վիրահայությանը հուզող խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ իրականացվող քայլերը:
Անդրադարձ կատարվեց տարածաշրջանային և միջազգային հրատապ մի շարք խնդիրների:
Հանդիպումից հետո նախարարները հանդես եկան մամուլի համար հայտարարություններով։