Բելգիայի Թագավորության դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
23 մայիսի, 2017Մայիսի 23-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանին իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանում Բելգիայի Թագավորության նորանշանակ դեսպան Ժան-Արթուր Ռեժիբոն:
Շնորհավորելով Ժան-Արթուր Ռեժիբոին նշանակման կամակցությամբ և մաղթելով հաջողություն իր առաքելությունում՝ փոխնախարար Նազարյանը միաժամանակ հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր կարևոր ներդրումը կունենա հայ-բելգիական հարաբերությունների համապարփակ զարգացման գործում:
Դեսպան Ռեժիբոն, շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար, իր հերթին նշեց, որ կգործադրի հնարավոր բոլոր ջանքերը երկկողմ հարաբերություններին նոր լիցք հաղորդելու և դրանք որակական նոր հարթակի բարձրացնելու ուղղությամբ:
Հանդիպմանը քննարկվեցին հայ-բելգիական հարաբերությունների օրակարգային հարցեր, ներառյալ՝ քաղաքական երկխոսության ակտիվացմանը, միջխորհրդարանական կապերի զարգացմանը և առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը միտված քայլեր։
Նախարարի տեղակալ Նազարյանը նորանշանակ դեսպանին ներկայացրեց ՀՀ-ԵՄ համագործակցության վերջին զարգացումները: Կողմերը մտքեր փոխանակեցին ԵՄ անդամ երկրների, մասնավորապես Բելգիայի հետ բազմաոլորտ համագործակցության հեռանկարների վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացին։