Բրյուսելում կայացավ Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորհրդի 17-րդ նիստը

23 մայիսի, 2017

Մայիսի 23-ին Բրյուսելում կայացավ Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորհրդի 17-րդ նիստը:


Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը գլխավորում էր արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը, իսկ Եվրոպական միության պատվիրակությունը՝ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին:

Հայաստանի պատվիրակության կազմում էին տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանը:

Կողմերն անդրադարձ կատարեցին Համագործակցության խորհրդի նախորդ նիստից հետո արձանագրված ձեռքբերումներին:

Հանգամանալից քննարկում ծավալվեց Հայաստան-Եվրոպական միություն օրակարգի հարցերի լայն շրջանակի շուրջ, այդ թվում՝ քաղաքական երկխոսություն, առևտրի և ոլորտային համագործակցություն, մարդու իրավունքներ, շարժունակություն, բարեփոխումների գործընթաց: Խորհրդի նիստին մտքեր փոխանակվեցին Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության 2017-2020թթ. առաջնահերթությունների շուրջ։

Անդրադարձ կատարվեց նախորդ տարվա ընթացքում բարձր մակարդակի փոխայցերին, Հայաստան-Եվրոպական միություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ արդյունավետ բանակցություններին, ԵՄ տարբեր ծրագրերում Հայաստանի մասնակցությանը:

Ընդգծելով ընթացիկ տարվա փետրվարին Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի ու Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի կողմից Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը և մարտին Երևանում դրա նախաստորագրումը՝ հույս հայտնվեց, որ Համաձայնագիրը հնարավոր կլինի ստորագրել ԵՄ Արևելյան գործընկերության բրյուսելյան գագաթաժողովի ընթացքում:

Իր խոսքում Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ Արևելյան գործընկերության նպատակներին և իր նպաստը բերել այդ բազմակողմ ձևաչափում իրականացվող համատեղ ջանքերին:

Անդրադարձ կատարվեց վերջին երկու տարվա ընթացքում Հայաստանի արձանագրած ձեռքբերումներին, այդ թվում COSME և Հորիզոն 2020 ծրագրերին միանալը, ինչպես նաև Ստեղծագործ Եվրոպա ծրագրի և Ընդհանուր ավիացիոն գոտու շուրջ մեկնարկած բանակցություններին:

Ընդգծվեց Հայաստանի և Եվրոպական միության ակտիվ համագործակցությունը մուտքի արտոնագրերի դյուրացման գործընթացի և հետընդունման համաձայնագրերի իրականացման ուղղությամբ: Էդվարդ Նալբանդյանն այս համատեքստում նշեց, որ Հայաստանն ակնկալում է մեկնարկել մուտքի արտոնագրի ազատականացման շուրջ երկխոսությունը, ինչպես դա ավելի վաղ նախանշվել էր Ռիգայում:

Նախարարի պաշտոնակատար Նալբանդյանն անդրադարձավ նաև 2017թ. ապրիլի 2-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին` նշելով, որ դրանց աննախադեպ մեծ թվով միջազգային դիտորդներ էին հետևում, ովքեր հայտարարեցին, որ ընտրությունները եղել են լավ կազմակերպված, հիմնարար ազատությունները պաշտպանվել են, և արդյունքներն արտահայտել են բնակչության կամքը: Այս համատեքստում Էդվարդ Նալբանդյանը երախտագիտություն հայտնեց Եվրոպական միությանը՝ ընտրական գործընթացի թափանցիկությունն ապահովելու նպատակով ֆինանսական ու տեխնիկական աջակցություն ցուցաբերելու համար:

Կողմերը քննարկեցին միջազգային և տարածաշրջանային հրատապ հարցեր, այդ թվում անդրադարձ կատարելով Իրանին, Թուրքիային, Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրեց Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ջանքերը՝ ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ:

Էդվարդ Նալբանդյանը հավելեց, որ 2016թ. ապրիլի սկզբին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան ամենալայնամասշտաբ ռազմական գործողություններն էին 1994 և 1995թթ. եռակողմ զինադադարի համաձայնագրերի կնքումից ի վեր: Նախարարի պաշտոնակատարը շեշտեց նաև, որ ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների կոպտագույն խախտումները Արցախի բնակչությանը ահաբեկելու նպատակ էին հետապնդում:

Բարձր ներկայացուցիչ Մոգերինին հայտնեց, որ հիմնահարցը չունի ռազմական լուծում, և Եվրոպական միությունը լիովին սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ջանքերը:

Կարևորելով Եվրոպական միության սկզբունքային դիրքորոշումը՝ հիմնահարցի խաղաղ հանգուցալուծմանը այլընտրանքի բացակայության վերաբերյալ, նախարարի պաշտոնակատար Նալբանդյանը նշեց, որ Ադրբեջանը շարունակում է չկատարել Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունները, թեև դրանց կարևորությունը շարունակաբար ընդգծվում է, ներառյալ՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ վերջերս Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ:

Շնորհակալություն հայտնելով Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորհրդի 17-րդ նիստը բարձր մակարդակով կազմակերպելու համար՝ Էդվարդ Նալբանդյանը շեշտեց, որ Հայաստանն ակնկալում է շարունակել արդյունավետ համագործակցությունը Եվրոպական միության հետ:

Նիստի արդյունքներով Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը և Ֆեդերիկա Մոգերինին հանդես եկան մամուլի համար հայտարարություններով:

Տպել էջը