ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանն ընդունեց Էստոնիայի խորհրդարանի պատգամավորներին

30 մայիսի, 2017

Մայիսի 30-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանն ընդունեց Էստոնիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Մարկո Միհկելսոնին և ազգային պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Հաննես Հանսոյին:

Ողջունելով հյուրերին՝ նախարարի տեղակալ Պապիկյանը նշեց, որ Հայաստանը շահագրգռված է Էստոնիայի հետ փոխշահավետ հարաբերությունների զարգացմամբ: Զրուցակիցները կարևորեցին երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվացումը, խորհրդարանականների ակտիվ համագործակցությունը, ինչպես նաև՝ առևտրատնտեսական հարաբերությունների խորացումը:

Նախարարի տեղակալ Պապիկյանը էստոնացի խորհրդարանականներին ներկայացրեց ՀՀ-ԵՄ համագործակցության վերջին զարգացումները: Կողմերը մտքեր փոխանակեցին ԵՄ անդամ երկրների` մասնավորապես Էստոնիայի հետ բազմաոլորտ համագործակցության հեռանկարների վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացին։

Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվեց նաև Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը, կարևորվեց տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովումը: Մտքեր փոխանակվեցին տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ։

Տպել էջը