Կանադայում ՀՀ դեսպանությունը մասնակցեց «Օտտավայի բաց դռներ» ծրագրին

04 հունիսի, 2017

Հունիսի 3-ից 4-ը Կանադայում ՀՀ դեսպանությունը մասնակցեց արդեն ավանդական դարձած «Օտտավայի բաց դռներ» ամենամյա ծրագրին: Ծրագրի շրջանակներում հանրության համար իրենց դռներն են բացում մշակութային, պատմական, հանրային նշանակություն ունեցող շենքերը, այդ թվում նաև` մի շարք դեսպանություններ:

Միջոցառման շրջանակներում դեսպանությունն ընդունեց շուրջ 600 այցելուների, ովքեր ծանոթացան շենքի ճարտարապետությանն ու պատմությանը, տեղեկություններ ստացան հայկական մշակութային արժեքների ու պատմության վերաբերյալ: Հյուրերը նաև ծանոթացան հայազգի ժամանակակից մի շարք նկարիչների և քանդակագործների ստեղծագործություններին, որոնք ներկայացված են ՀՀ դեսպանությունում: Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը և դեսպանության աշխատակիցները պատասխանեցին այցելուների` Հայաստանին վերաբերող բազմաթիվ հարցերի:

Տեղեկանք: 1908թ. կառուցված ՀՀ դեսպանության շենքը նախկինում ծառայել է նաև որպես Ուրուգվայի, ապա Հունգարիայի դիվանագիտական ներկայացուցչություն, իսկ 1995թ. մարտին Կանադայում ՀՀ դեսպանությունը դարձավ երրորդ օտարերկրյա ներկայացուցչությունը, որ զբաղեցրեց Օտտավայի պատմական ժառանգության մաս կազմող շենքը: 2008թ. Օտտավայի քաղաքապետարանը դեսպանության շենքին շնորհեց Օտտավայի պատմամշակութային ժառանգության կարգավիճակ:
 

Տպել էջը