Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Սուրբ Աթոռի՝ պետությունների հետ հարաբերությունների քարտուղարի հետ

07 հունիսի, 2017

Հունիսի 7-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Վատիկանում հանդիպեց Սուրբ Աթոռի՝ պետությունների հետ հարաբերությունների քարտուղար, արքեպիսկոպոս Փոլ Գալագերի հետ:


Զրուցակիցներն անդրադարձան 2015թ. ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի այցին Սուրբ Աթոռ և, ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի` Սուրբ Պետրոսի տաճարում մատուցած պատմական պատարագին, ինչպես նաև Հռոմի սրբազան քահանայապետի՝ անցյալ տարի Հայաստան կատարած այցին։

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին երկկողմ օրակարգի լայն շրջանակի, առաջիկայում կայանալիք միջոցառումներին վերաբերող հարցերի շուրջ։

Նախարար Նալբանդյանն ու արքեպիսկոպոս Գալագերն անդրադարձան տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի՝ զարգացումներին Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ էթնիկ և կրոնական փոքրամասնությունների պաշտպանությանը, ահաբեկչության դեմ միջազգային հանրության պայքարին։

Արքեպիսկոպոս Գալագերի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ջանքերը՝ միտված ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը:

Տպել էջը