Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակ
12 հունիսի, 2017Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտաքին և եվրոպական գործերի նախարար Ժան Ասելբորնը նամակներ փոխանակեցին՝ Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ:
Արտգործնախարար Նալբանդյանն իր ուղերձում նշում է, որ նախորդ 25 տարիների ընթացքում մեր երկրների միջև բարեկամական հարաբերությունները զարգացել են ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում, որտեղ Լյուքսեմբուրգի աջակցությունը հատկապես արժեքավոր է եղել Հայաստանի համար ԵՄ հետ իր համագործակցության առումով, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում, որի հաջորդ գագաթաժողովը, շնորհիվ նաև Լյուքսեմբուրգի աջակցության, Հայաստանը հյուրընկալելու է 2018թ. աշնանը:
Նախարար Նալբանդյանն արժևորում է նաև 2015թ. Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը՝ համոզմունք հայտնելով, որ այն իր նպաստը բերեց նոր ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միջազգային ջանքերում:
Եզրափակելով ուղերձը՝ Էդվարդ Նալբանդյանը վստահություն է հայտնում, որ երկու երկրների միջև հաստատված սերտ բարեկամական հարաբերությունները շարունակաբար կամրապնդվեն՝ շնորհիվ երկու ժողովուրդներին միավորող համակրանքի և փոխադարձ վստահության կապերն առավել ամրապնդելուն ուղղված համատեղ ջանքերի։
Լյուքսեմբուրգի արտգործնախարարն իր ուղերձում նշում է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանն ու Լյուքսեմբուրգը կարողացել են զարգացնել պրագմատիկ և արդյունավետ համագործակցություն տարբեր բնագավառներում՝ ամրապնդելով երկու պետությունները միավորող կապերը և խորացնելով փոխճանաչելիությունը, ինչպես նաև երկու երկրների միջև առկա փոխվստահությունը:
Նախարար Ասելբորնը շեշտում է, որ Հայաստանի և Լյուքսեմբուրգի համագործակցության հետագա զարգացման ներուժը հեռու է սպառված լինելուց, և շնորհավորում է, որ այս տարեդարձը ևս մեկ հնարավորություն է՝ մեր հարաբերությունների մակարդակը բարձրացնելու և առավել զարգացնելու համար:
Ավարտելով իր ուղերձը՝ Ժան Ասելբորնը խաղաղություն և բարգավաճում է մաղթում հայ ժողովրդին: