Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Գերմանիայի Բունդեսթագի Սոցիալ դեմոկրատական կուսակցության խմբակցության արտաքին հարաբերությունների հարցերով խոսնակին

13 հունիսի, 2017

Հունիսի 13-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Գերմանիայի խորհրդարանի պատգամավոր, Սոցիալ դեմոկրատական կուսակցության խորհրդարանական խմբակցության արտաքին հարաբերությունների հարցերով խոսնակ Նիլս Աննենին:


Հանդիպմանը երկուստեք բարձր գնահատվեցին Հայաստանի և Գերմանիայի միջև առկա ջերմ ու բարեկամական հարաբերությունները, և այդ համատեքստում կարևորվեց խորհրդարանական դիվանագիտության դերը։

Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձան տարբեր բնագավառներում հայ-գերմանական համագործակցության առավել ամրապնդման նպատակով համատեղ ձեռնարկվող քայլերին:

Էդվարդ Նալբանդյանն ու Նիլս Աննենը մտքեր փոխանակեցին Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների, դրանց զարգացման հեռանկարների շուրջ՝ վստահություն հայտնելով, որ նոյեմբերին ստորագրվելիք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նոր լիցք կհաղորդի ինչպես Հայաստան-ԵՄ, այնպես էլ Հայաստանի և ԵՄ անդամ երկրների միջև համագործակցությանը:

Հայաստանի արտգործնախարարն իր զրուցակցին ներկայացրեց ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման խաղաղ գործընթացն առաջ մղելու համար համապատասխան պայմանների ստեղծման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների համատեղ քայլերը:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց միջազգային հրատապ մի շարք խնդիրների:

Տպել էջը